ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ
О книге

Գրքի հերոսները երեխաներ են: Ցանկացած տարիքում նրանք մեծերի ուշադրության, հասկացողության, հոգատարության և աջակցության կարիքն ունեն: Երեխաները նրբորեն են զգում կեղծավորությունը և չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն և ամուր ընտանիք՝ ահա նրանց երջանկության բաղկացուցիչները: Եվ հանուն դրա նրանք ընդունակ են խենթության:

Читать ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐՈՎ онлайн беплатно


Шрифт
Интервал

շապիկի ձևավորումը՝ Արաբո Սարգսյանի

թարգմանությունը՝ Մելանիա Միքայելյանի


© Սուսաննա Հարությունյան, 2018

© Աննա Ղազարյան, 2018

© Մարիա Ղազարյան, 2018


ISBN 978-5-4493-1263-1

Создано в интеллектуальной издательской системе Ridero

ԳՏՆՎԱԾ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 1. ԷԼԵՆԸ

Լրացել էր Էլենի վեց տարին: Ծննդյան օրվա առթիվ ծնողները նրան ռոբոտ էին նվիրել, ռետինե զվարճալի մի հրեշիկ՝ Քսենա անունով: Իսկ իրենք նրան Տեսլա անվանեցին: Եվ չնայած Տեսլան ոչ մի բանով չէր տարբերվում մյուս ինտերակտիվ խաղալիքներից, սակայն Էլենը նրան բոլորից շատ էր սիրում:

Փոքրիկ Տեսլան շատ անուշիկ էր ու բարի: Նա կարողանում էր գլխով անել, շարժել ականջները, ձեռքերը, ծափ տալ, երգել, ծիծաղել ու լաց լինել կամ պարզապես իր ժպիտով ուրախացնել աղջկան, նաև կուչ եկած քնել նրա ձեռքերի մեջ: Հենց Էլենը սեղմում էր նրա ոտիկները, Տեսլան խույս էր տալիս և խոսում իր լեզվով. «Սպասի՛ր, ես դեռ քնած եմ»: Եվ նորից քնում էր: Հրեշիկն այնքան էր հմայել աղջկան, որ Էլենը միշտ անբաժան էր նրանից: Էլենի եղբայրը՝ Արթուրը, նրանից ութ տարով մեծ էր: Նա տասնչորս տարեկան էր: Բարդ հասակ, ընդ որում՝ ամբողջ ընտանիքի համար: Արթուրի գլխում միայն տեսախաղերն էին, իր ընկերուհի Յուլյան և ընկերները՝ համադասարանցիները, որոնց հետ նա ժամանակ էր անցկացնում սրճարանում և տուն էր վերադառնում միայն կեսգիշերին: Երբ էր հասցնում դասերը անել և սովորել գերազանց, առեղծված էր բոլորի համար: Տարիքային մեծ տարբերությունն էլ կանխորոշել էր այն պայմանները, որոնց մեջ ինքնուրույնաբար մեծանում էին երեխաները: Նրանք ընդհանուր հետաքրքրություններ չունեին: Այդ պատճառով էլ նրանց միջև առանձնահատուկ մտերմություն ևս գոյություն չուներ: Չնայած դրան՝ Էլենը միշտ զգում էր և գիտեր, որ կարող է հույսը դնել եղբոր վրա: Ուստի, երբ մտորում էր ապագա դպրոցի մասին, Էլենը մտածում էր. «Ու՞մ մոտ թողնեմ Քսենային: Գուցե Արթուրի՞: Ո՛չ: Արթուրը կմոռանա նրա մասին: Եվ Քսենան կմնա քաղցած, մրսած ու մենակ: Սակայն առջևում դեռ մի տարի էլ կա: Հնարավոր է, որ այդ ժամանակամիջոցում շատ բան փոխվի, և լուծումն էլ գտնվի»:

Եթե Էլենն իմանար, թե ինչ կերպ կմարմնավորվեին իր մտքերը…

Էլենը հաճախում էր մանկապարտեզ: Քսենան էլ՝ իր հետ: Էլենը տարված էր կերպարվեստով: Հետաքրքիր աշխատանքներ էլ ուներ: Ծնողները նրան թույլ էին տվել նկարազարդել իր սենյակի պատերը: Սենյակը կարծես կենդանացել էր պայծառ գույներից: Այն էլ այնպես, որ անգամ Տեսլան հիացմունքից ծափահարեց:

Էլենը խաղում էր մեծ թենիս: Հաջողություններ էլ ուներ: Աղջիկը սիրում էր հանգստյան օրերին իրենց տան բակում սեղանի թենիս խաղալ ծնողների հետ: Իսկ Քսենան հետաքրքրությամբ հետևում էր խաղին:

Էլենը սովորում էր նաև պարահանդեսային պարեր: Նա դեռ նոր էր սկսել պարապել Նատալյայի հետ և արդեն տարբերակում էր չա-չա-չա պարի տարրերը:

– …Ի՛…աջ դարձ: Երկրորդ քայլը…ոտնաթաթերի ծայրերին: Պտույտ՝ մեկ, երկու, երեք:

Քսենան լուռ նստում էր դահլիճում:

Էլենը զբաղվում էր նաև երաժշտությամբ. դաշնամուր էր նվագում, երգում էր երգչախմբում: Քսենան ևս մասնակցում էր այդ ամենին: Աղջիկը հաճույքով էր հետևում Քսենային, որը երաժշտության առաջին իսկ հնչյուններից սկսում էր պարել ու ծափահարել:

Մի անգամ Էլենը Տեսլային իր հետ տարավ սոլֆեջիոյի դասին: Բայց իզուր: Քսենան ոչ միայն տապալեց դասը, այլև հավասարակշռությունից հանեց Լյուդմիլա Ալեքսեևնային, որը բոլորովին չուներ հումորի զգացում և տեղի ունեցածը անձնական վիրավորանք էր համարում: Հանուն արդարության պետք է նշել, որ կատարվող դեպքերը իսկապես անսովոր էին: Սովորաբար սոլֆեջիոյի պարապմունքների ժամանակ կատարյալ կարգ ու կանոն էր տիրում: Աշակերտները ճշտությամբ կատարում էին առաջադրանքները: Լյուդմիլա Ալեքսեևնան խիստ մանկավարժ էր: Դե, առարկան էլ աչքի չէր ընկնում դյուրությամբ: Իսկ այստեղ բոլորը տեղի-անտեղի ծափահարում էին, ծիծաղում, աղմկում, իրար խոսք կտրում՝ հետևելով Քսենային, որը, հայտնվելով ուշադրության կենտրոնում, բոլորովին կապը կտրեց: Այդ ամենի հետևանքով Էլենին հիշեցրին նրա բոլոր բացակայությունները պարապմունքներից, առարկայի նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքը և դուրս արեցին դասարանից:

– Հիմա գո՞հ ես, – միայն կարողացավ ասել Էլենը:

Բայց և այնպես, Քսենան ընդամենը ռոբոտ էր: Իսկ Էլենը այնքա՜ն էր ուզում, որ այդ հրեշիկը լիներ իր հարազատ ու մտերիմ, իսկական, կենդանի ընկերը:

Աղջիկը բազմաթիվ այլ հետաքրքրություններ ևս ուներ: Այդ պատճառով էլ, չդիմանալով ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությանը, նա հաճախ էր հիվանդանում: Ի վերջո, ծնողները որոշեցին սահմանափակել նրա պարապմունքների շրջանակը՝ ընտրության իրավունքը թողնելով նրան:

Էլենը գիտակցում էր՝ ընտրելը այնքան էլ հեշտ գործ չէ: Պարզվեց՝ Քսենան էլ լավագույն օգնականը չէր այդ հարցում: Էլենը նրան դիմեց խնդրանքով.

«Քսենա՛, գուցե դու գիտե՞ս, թե ինչից հրաժարվեմ»: Բայց Քսենան լուռ էր: Նրա դատարկ, ոչինչ չարտահայտող կանաչ աչքերը թախիծ էին ներշնչում: Եվ Էլենը, լաց լինելով, դուրս վազեց սենյակից: Նրա համար վիրավորական էր, որ իր լավագույն ընկերը ընդամենը խաղալիք է, որն ընդունակ չէ կարեկցելու, խորհուրդներ տալու: Հատկապես այդ պատճառով էլ նա երազում էր, որ, հնարավոր է, Քսենան երբևիցե կկենդանանա: Շաբաթ օրը Էլենը հրավիրված էր երգչախմբի ընկերուհու՝ Լերայի ծննդյան տարեդարձին: Լերան Էլենից մեկ տարով մեծ էր և բոլորովին նման չէր նրան. հանգիստ էր և տարիքից մեծ էր երևում: Թերևս մի փոքր էլ՝ ձանձրալի: Բայց Էլենը սիրում էր Լերային նրա բարության ու սուր մտքի համար: Երբ ազատ ժամանակ էր լինում, նրանք միասին լուծում էին գլուխկոտրուկներ, կառույց հավաքում: Լերան դրանում իրեն հավասարը չուներ:



Вам будет интересно