Մտորումների օրագիր

Մտորումների օրագիր
О книге

Размышления автора о жизни, о дружбе, о родине, о семейных и человеческих ценностях в контексте времени. Это не только философские размышления, но практические и полезные советы всем тем, кому интересны произведения автора.

Здесь найдете много интересного, связанное с современными историческими событиями, происходящими не только в Армении, но и вокруг неё, да и вообще, во всем мире.

(На армянском языке)

Книга издана в 2025 году.

Читать Մտորումների օրագիր онлайн беплатно


Шрифт
Интервал

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Ի ՕՐԱԳԻՐ

Ի՞նչ եմ փնտրում… Ես իմ ճակատագրի կծիկն  եմ փնտրում՝ կյանքիս ուղին վրան փաթաթած, ուղուս ծայրն եմ փնտրում, որպեսզի բռնեմ նրանից: Եվ երբ այդ հեքիաթային կծիկն առաջ վազի, ես էլ իմ ուղու թելից բռնած քայլեմ, վազեմ նրա հետևից:

Իսկ եթե չգտնե՞մ: Միևնույն է, պիտի քայլեմ, կանգնած մնալ չեմ կարող: Պիտի  քայլեմ առաջ, ուղիղ ճանապարհով դեպի արևը, դեպի լույսը:  Բայց, քանի որ պտտվում է երկիրը, պտտվում է արեգակը, ճանապարհս ուղիղ լինել չի կարող` կլինի կոր, ոլորապտույտ… Շատ բարդ է մեր կյանքի ճանապարհը…

Մենք, մեր կոր ու ոլորապտույտ ճանապարհներով ճամփորդության ենք դուրս եկել տիեզերքում  և միակ ուղիղ ուղին, որ տանում է մեզ դեպի լույսը` դա մեր հավատքի ուղին է…

05.2014 թ.


Իշխանությունն ու ընդդիմությունը նման են մագնիսի տարբեր բևեռներին, որոնց կպչում են միայն մարդու սև, ժանգոտվող տեսակներն ու նրանց խառնուրդ-ները, մարդու ազնիվ տեսակը նրանց երբեք չի կպչում:

12.01.2014 թ.


Աշխարհում ոչ մի ազգ այնքան իր ճարպիկ տխմարներով աչքի չի ընկել, որքան հայերը:

12.10.2014 թ.


Նախկինում որ մի հիմար ձորը քար էր գլորում, հավաքվում էին խելոքներն ու մտածում, թե ոնց հանեն։ Իսկ հիմա խելոքները միայն քարի հետևից վազում են:

3.10. 2013 թ.


Հեքիաթներում մի հրեշ էր ու մի դղյակ, իսկ հիմա հրեշներն ու դղյակներն այնքա՜ն են շատացել, ու սա արդեն հեքիաթ չէ…

7.10.2014 թ.


Հայի հազարամյակների գոյատևման գաղտնիքը մեր լեռների մեջ է: Կտրվելով իր լեռնաշխարհից, հայը դատապարտվում է վերացման:

2.10.2014 թ.


Տհաճություններն ու անախորժությունները նման են կեղտ սիրող ճանճերի, որպեսզի նրանք քեզ չկպչեն ու չնստեն վրադ, ինքդ մաքուր եղիր ու միշտ հեռու մնա ամեն տեսակի կեղտերից:

16.09.2014 թ.


Ծուռ հիմքի վրա քար դնողը հետագա վթարի ու դժբախտության մասնակից է:

15.09.2014 թ.


Եթե մարդ ապրել է մի ողջ կյանք, բայց պատմելու ոչինչ չունի իր կյանքից, ուրեմն նա դեռ չի ապրել և ոչինչ չունի կորցնելու:

15.09.2014 թ.


Չի կարելի մարդկանց տալ այն, ինչ պատրաստ չեն դեռ ընդունելու, գիտակցելու, մարսելու, որովհետև դրանից վնասն ավելի շատ է, քան օգուտը:

6.09.2014 թ.


Յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության մակար-դակը որոշվում է նրա ստեղծած պետականության որակով:

24.08.2014 թ.


Ցուցամոլությունը անհաջողությունների սկիզբն է:

15.06.2014 թ.


Կյանքի ամենից լավ ուսուցիչները սրիկաներն են, որոնց տված դասերը երբեք չեն մոռացվում:

9.06.2014 թ.


Խոհարար կա, որ աշխարհի ամենից ընտիր մթերքներից անգամ պատրաստածը ուտելու բան չի: Խոհարար էլ կա՝ ձեռի տակ ընկած խեղճ ու կրակ մթերքներից մի այնպիսի ուտելիք կպատրաստի, որ համն ու հոտը դեռ շատ երկար կմնա բերանումդ: Նույնն է նաև արվեստում:

30.04.2014 թ.


Եթե գազարը օգտակար լիներ աչքերի համար, նապաստակները շլդիկ չէին լինի… (գազարի գովազդ):

17.10.2014 թ.


Ասում են՝ ծովային նախանիշ կա, երբ ճայերը թռչում են հետույքով առաջ, ուրեմն քամին շատ ուժեղ է։ Դրանից կարելի է ենթադրել, որ հայկական քաղաքական դաշտում քսան տարուց ավել փոթորիկ է:

10.09.2014 թ.


Աշխարհում ամենից թանկ բանը մարդու կյանքն է, իսկ ամենից էժանը՝ նրա անիմաստ շռայլումը:

4.10.2014 թ.


Նախկինում, որ ասում էիր թեզ եմ պաշտպանել, հարցնում էին` ի՞նչ թեմայով, իսկ հիմա հարցնում են` քանիսո՞վ:

2.10.2014 թ.


Անտարբեր լռությունը դավաճանության զազրելի տեսակ է:

29.09.2014 թ.


Երբեմն դավադիր լռությունը մեզ ավելի շատ բան է հուշում:

21.09.2014 թ.


Եթե ուզում ես ազատվել կեղծ ընկերներից, բոլորին ասա, որ «գործերդ լավ չեն»…

27.08.2014 թ.


Մարդու հավատքի խորությունը չափվում է նրա բարի գործերի վեհությամբ:

25.08.2014 թ.


Երբ ամեն մի հայ դադարի վախենալ սովից, ցավից, բանտից, մահից ու հարազատների կորստից` մեր բոլոր թշնամիները կդողան մեր ոտքերի տակ:

20.07.2014 թ.


Երբ բացում ենք մեր տան պատուհանները՝ քամին կարող է փոշի ու կեղտ ներս թափել, նույնը պատահում է նաև մարդու հոգու հետ:

10.07.2014 թ.


Երբեմն իր հաջողություններից ու վերելքից մարդ ավելի քիչ է փչանում, քան իր շրջապատի մարդիկ նախանձությունից:

7.07.2014 թ.


Խռովելը՝ ոգու տկարության ու սիրո պակասի արտացոլանք է: Միայն ուժեղ ոգով մարդն է ընդունակ սիրելու և ներելու:

6.07.2014 թ.


Ինչ մեզ պետք է՝ կա մեր ներսում, հարկավոր է միայն փնտրել ու գտնել:

5.07.2014 թ.


Եթե մարդ կախված է իր շրջապատից՝ նրանից մաքուր լինել չի կարող:

14.06.2014 թ.


Ինքնասիրություն չունեցողն ընդունակ չի հարգելու կամ լինելու հարգված, նա միայն կարող է վախեցնել կամ էլ լինել վախեցած:

13.06.2014 թ.


Որ այսպես շարունակվեց, Հայկական պետա-կանությունը աչքիս Թումանյանի «Գաբո բիձու շերամապահությունն» է դառնալու:

6.06.2014 թ.


Հայը մի տուն ունի միայն, դա Հայաստանն է, մնացած երկրները հյուրանոցներ են, նույնիսկ եթե անգամ հինգ աստղանոց են:

30.05.2014 թ.


Անկախությունը Հովհաննես Շիրազի հայտնի պոեմի հերոսուհի Խջեզարեի պես եկավ, տեսավ Հայաստան յարը Սիամանթոյի պես քնած, թողեց ու խռով հեռացավ: Ախր ի՞նչ իմանար անգութը, որ քնի ժամանակ իրեն էր երազում:

28.05.2014 թ.


Չգիտեմ, կա՞ն արդյոք աշխարհում երկու անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, իսպանացի, ռուս, թուրք կամ ինչ որ այլ ազգի ներկայացուցիչներ, որոնք իրար հետ խոսում կամ նամակագրություններ են անում հայերեն լեզվով, բայց գիտեմ որ կան միլիոնավոր հայեր, որոնք իրար հետ շփվում են այդ լեզուներով: Ահա թե ինչն է ինձ մտահոգում:

25.05.2014 թ.


Հայաստանի ժողովուրդը արտագաղթի մի նոր ուղի էլ է գտել՝ դեպի Ֆեյսբուք, որտեղից վերադառնալն ավելի դժվար է, քան պանդխտությունից:

23.05.2014 թ.


Պաշտոն ստանալու համար անարժան թեկնածուն ավելի ձեռնտու է քան արժանավորը, քանի որ անարժանը՝

պաշտոնին արժանի դառնալու համար ավելի բարձր գին է մուծում, քան արժանավորը:



Вам будет интересно